Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հանդիսավորությամբ տրվեց «Գրական տապան 2016» փառատոնի մեկնարկը: Արդեն 8-րդ անգամ իրականացվող գրական տոնն այս տարի Հայաստանում կհամախմբի աշխարհի տարբեր երկրների գրականության ոլորտի ներկայացուցիչների: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանն իր ելույթում հույս հայտնեց, որ «Գրական տապան 2016»-ի մասնակիցները կվայելեն հայաստանյան այցի 10 օրերը:
«Իմ ձեռքին «Գրական տապան»-ի առաջին գիրքն է: Այն ստեղծվեց ուղիղ 15 տարի առաջ: Ինձ համար այն խորհրդանշական է, քանի որ այս ոլորտում իմ առաջին քայլերից մեկը «Գրական տապանի» համակարգման աշխատանքն էր: Մյուս խորհրդանշական փաստն այն է, որ գրքի կազմին առկա է բանաստեղծություն, որի հեղինակը Օսիպ Մանդելշտամն է»,-իր ելույթում նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը` հավելելով, որ ռուս բանաստեղծը, 1930 թ. այցելելով Հայաստան և հյուրընկալվելով այստեղ, սիրահարվեց մեր երկրին: «Մեր նպատակը չէ, որպեսզի դուք սիրահարվեք մեր երկրին, մեր նպատակն է ստեղծել հարազատության միջավայր: 32 երկրների 97 մասնակիցներ այս տարիներին Հայաստան են եկել և 217 ստեղծագործություն գրել մեր երկրի մասին»,-հավելեց Ներսես Տեր-Վարդանյանը:
Փառատոնի համակարգող Դավիթ Մաթևոսյանը բացման արարողության մասնակիցներին ներկայացրեց ռուս բանաստեղծ, արձակագիր, գրականագետ Վալերի Բրյուսովի նախաձեռնությամբ 1916 թվականին ռուսերենով ստեղծված և այս տարի նույնությամբ վերահրատարակված «Հայ պոեզիայի անթոլոգիա»-ն: «Մեծ Եղեռնից հաշված ամիսներ անց հայ գրողների, մեկենասների և Բրյուսովի ուժերով լույս ընծայվեց այս գիրքը, որը կոչ էր Հայաստանին` ի հեճուկս ամեն ինչի ոտքի վրա մնալ և ապրել: ՈՒղիղ 100 տարի անց լույս է տեսել գրքի առաջին հրատարակության ֆաքսիմիլեն: Այն շատ արժեքավոր է մեր օրերի և ապագա սերունդների համար»,-նշեց Դավիթ Մաթևոսյանը` հավելելով, որ գիրքը հրատարակվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Տեղեկացնենք, որ այն ներառում է ականավոր նկարիչներ Մարտիրոս Սարյանի և Վարդգես Սուրենյանցի նկարազարդումները: Բացման արարողության ընթացքում ցուցադրվեցին «Գրական տապան»-ին և Օսիպ Մանդելշտամին նվիրված տեսանյութեր: Կազմակերպվեց նաև թատերական ներկայացում՝ հիմնված նշանավոր բանաստեղծ Ուիլյամ Շեքսպիրի սոնետների վրա: Բացման հանդիսավոր արարողության ժամանակ փառատոնի հյուրերը կերպարանափոխվեցին`վերածվելով շեքսպիրյան հերոսների:
Հիշեցնենք, որ «Գրական տապան» փառատոնը կազմակերպվում է 2001-ից Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ՀԿ-ի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և մի շարք գրական կազմակերպությունների, այդ թվում` Բեռլինի Լիտերատուրվերկշտատ, Ջենովայի պոեզիայի փառատոնի գործընկերությամբ: